ԴԻՆԱ ՀՅՈՒՐԱՆՈՑ

en hyru

ՈՐՈՏՆԱՎԱՆՔ

Գտնվում է Սիսիանից մոտ 14 կմ արեւելք, Որոտանի կիրճի ձախակողմյան բարձունքիվրա, Սիսիան-Շամբ խճուղու աջ կողմում, Վաղատնի գյուղից հարավ: Այս խոշոր վանական համալիրը Ստ. Օրբելյանը նշում է Տաթեւից, Թանահատից, Սյունիվանքից եւ Կնեվանքից հետո: Որոտնավանքը հիմնադրվել է 1000 թ. Սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից, որը Գագիկ Ա. Բագրեւատունու կնոջ Կատրամիդեի տատն էր, Սյունյաց թագավորներ Վասակ Ա.-ի մայրը եւ Սմբատ Ա.-ի կինը:Նախկինում Որոտնավանքի տեղում եղել է քրիստոնեական աղոթատեղի սբ. Գրիգոր Լուսավորչի անունով: 1000 թ. Շահանդուխտը ՙհրամանաւ թագաւորին Սմպատայ՚ այստեղ կառուցում է եկեղեցի սբ. Նախավկա Ստեփանոսի անունով, ապա 1006 թ. Սեւադան Վասակ րագավորի եղբայրը, կառուցում է սբ. Կարապետ եկեղեցին եւ նրա գավիթը: Շահանդուխտը վանքի շրջակայքում շինում է նաեւ աղոթարան, ինչպես նաեւ արհեստանոցներ, պահեստներ եւ վանքը շրջափակում պարսպով: Վանքի բակում Տաթեւի օրինակով, կանգնեցվում է սյուն, որը նշանակում է, որ այս վանքում ձեռնադրվել են եկեղեցականներ, օծվել են իշխաններ եւ այլն: 1104 թ. Որոտնավանքը ավերվում է սելջուկների կողմից եւ հետագայում զարթոնք ապրում Օրբելյանների ժամանակ: Վանքի քարերին պահպանվել են այդ իշխանական տան ներկայացուցիչների թողած արձանագրությունները (14-րդ դար): Որոտնավանքում գիտական եւ եկեղեցական բեղուն գործունեություն է ծավալել միջնադարի հայ մեծ փիլիսոփա Հովհան Որոտնեցին (1315-1388թթ.): Նա սերտ կապեր է ստեղծել Որոտնավանքի եւ Տաթեւի միջեւ հիմնադրելով Տաթեւի համալսարանը: Լենկ-Թեմուրի արշավանքների ընթացքում վանքը կրկին ավերվել էª հետագայում շրջապատվելով թուրքաբնակ գյուղերով: 19-րդ դարավերջին Որոտնավանքը գտնվում էր խղճուկ վիճակում: 1931 թ. երկրաշարժը հիմնովին ավերում է այդ գեղեցիկ համալիրը, եւ միայն 1980 թ. սկսվում են Որոտնավանքի հիմնական վերականգնողական աշխատանքները, որոնք մինչեւ այժմ չեն ավարտվել: