Աղիտուն Սյունիքի հնագույն եւ նշանավոր բնակավայրերից է: Գտնվում է Սիսիանից 7 կմ արեւելք, Որոտանի ձախափնյա շրջանաձեւ բարձրավանդակի վրա: Վաղ միջնադարում Աղիտուն իր քաղաքական, կրոնական, ռազմական ու տնտեսական ազդեցությամբ եղել է Սյունիքի առաջին բնակավայրերից մեկը: Աղիտուն հայտնի է իր հռչակավոր կոթող-մահարձանով, որը կառուցվել է 6 կամ 7-րդ դարերում: Հուշարձանը եռահարկ կառույց է: Դամբարանի վրա վեր են խոյանում երկու ուղղանկյուն մույթեր, իսկ կենտրոնի ութանիստ սյունը ավարտվում է ոլորազարդ խոյակով: Սրանց վրա բարձրանում էª սուրբ երրորդությունը խորհրդանշող երեք կամարնները: Մահարձանի վրայի քանդակները նման են Սիսիանի սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարի եւ Զվարթնոցի քանդակային ձեւերին: Նրա վրա առկա են նաեւ արձանագրություններ: Այս մահարձանը, Օձունի հուշակոթողի հետ միասին, Հայաստանում պահպանված հազվագյուտ մեմորիալ հուշարձաններից է: Հատկանշական է, որ Սարդարապատի հուշահամալիրի զանգակատների կամարներն ընդօրինակված են մահարձանից: Աղիտուի հուշակոթողի նշանակության խնդիրը գիտական շրջանակներում վիճահարույց է: Ըստ ժողովրդական լեգենդի այստեղ երկու իշխանազուն նահատակ եղբայրներ են թաղված: Համաձայն գոյություն ունեցող տեսակետներից մեկի այստեղ քրիստոնեական հավատքի համար նահատակվածների դամբարան է: Հուշարձան-կոթողի տարածքում կատարված հնագիտական ուսումնասիրություններից պարզվել է, որ հուշարձանը խոշոր համալիր-շինությունների մի մասն է կազմել. նրան կից եղել է եկեղեցի (10-11-րդ դդ.), այլ մոնումենտալ կարույցներ: Հուշարձանի տակ իրոք վաղ միջնադարյան թաղումներ են հայտնաբերվել: Կոթողը կապվում է նաեւ Ավարայրի նահատակների հետ, որոնց հիշատակին, ըստ ենթադրության, հետագայում բարձրացվել է մահարձանը: Գյուղի անունը (Աղխիտու-Աղիտու) հուշում է, որ այն Սյունյաց իշխանների աղխնª սեփականությունն է եղել եւ չի բացառվում, որ այստեղ նրանց տոհմական գերեզմանոցը լինի: Հավանական է նաեւ, որ այն, Հռոմեական հաղթակամարների նմանակմամբ, կանգնեցված լինի զոհված մարտիկների կոլեկտիվ թաղման վրա: Աղիտուի պեղումներից հայտնաբերված նյութը, ինչպես նաեւ պատահական գտածո 2 բազալտակուռ հիանալի քանդակները, հանգրվանել են Սիսիանի պատմության թանգարանում:

Աղիտուի Մահարձանը

ԱՂԻՏՈՒԻ  ՄԱՀԱՐՁԱՆ

Տեսարժան վայրեր